Բարեկենդանի տոնի մասին

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնինն և ավարտվելով Մեծ Պասով:

Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոս: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ Պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ Պահքն ավարտվում է Զատիկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:
Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Պատրաստում էին փաթիլա, սըռոն, բխբխիկ: Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին կամ տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին: Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ: Որոշ տեղերում ձուն խաշելու փոխարեն ձվածեղ էին պատրաստում: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր։
Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Այդ օրվա խնջույքը շատ տեղերում ջնջում էր բոլոր տարբերությունները. «Իրար հետ սեղան էին նստած ծերունի սկեսրարը ու մանկամարդ հարսը, տղամարդ, կնիկմարդ, բոլորը միասին վայելում էին գաթա, հալվա, լոխում, հավկիթ, հասութա, սեր, կարագ, մատակի մածուն, նոր ծնած կովի դալ, հավ, սագ, գառ, ոչխարի կամ կովի ղավուրմա, քյուֆթա, տոլմա, փլավ, յախնի…»,- այսպես էր ավարտվում Բարեկենդանը Ջավախքի պահպանողական հայերի մոտ:
Հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին: Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի ուրախությանը: Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով: Հատկապես վերջին շաբաթ – կիրակի օրերը դրանք դառնում էին համընդհանուր, համագյուղական, համաթաղական: Պարում էին ինչպես զուռնա — դհոլի նվագի տակ, այնպես էլ պարերգերի, որ բազմաթիվ էին:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы